Տավուշի տեռուարում ֆրանսիական խաղողի սորտերն ու «Այգեպանի տնակ» գինիները

Oct 1, 2026

Այգեհովիտի երկու հեկտարանոց այգում ֆրանսիական ծագում ունեցող խաղողի վեց սորտ է աճում։ Դրանցից յուրաքանչյուրն այստեղ իր ժամանակին հասունանում է, առանձին հավաքվում, առանձին խմորվում եւ լրացնում Տավուշի Աչաջուր գյուղի «Այգեպանի տնակ»-ի համանուն գինիների շարքը:

«Ագրոտրենդ» ընկերության նախաձեռնությամբ գործող «Այգեպանի տնակ»-ի մասին GastroVino-ն պատմել է 2021 թվականին։ Այդ ժամանակ, սակայն, տեղում պատրաստվող գինին այսօրվա բրենդավորմամբ չէր ներկայանում։ 2024 թվականից այն վերաբրենդավորվել է եւ անցել ավելի թիրախավորված արտադրության՝ շեշտը դնելով մոնոսեպաժ գինիների վրա։

«Տավուշի տեռուարում խաղողի ֆրանսիական եւ եվրոպական սորտերի տեղայնացման պատմությունն այդքան էլ նոր չէ: Որոշները Այգեհովիտում աճում են դեռ 2005 թվականից»,- ասում է «Ագրոտրենդ» ընկերության տնօրեն Տիգրան Հայրապետյանը:

Այգեհովիտ գյուղի այգիներում աճում են համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի սորտեր, ինչպիսիք են՝ Շարդոնեն, Սովինյոն Բլանը, Պինո Նուարը, Մերլոն, Սիրահը, Կաբեռնե Սովինյոն։ 

Տիգրանն ասում է, որ նախորդ տարի այս սորտերին է միացել նաեւ գերմանական Ռիսլինգ խաղողի տեսակը. «Հույս ունենք, որ երեք տարի անց արդեն կգա լիարժեք բերքատվության եւ դրանից էլ գինի կունենանք»:

«Այգեպանի տնակ»-ի գինիների շարքում այսօր երեք հիմնական տեսակ կա՝ սպիտակ, կարմիր եւ վարդագույն, ինչպես նաեւ ռեզերվ գինին։ Եթե ռոզեն ստեղծվում է մի քանի սորտերի համադրությամբ, ապա սպիտակ եւ կարմիր գինիները մոնոսեպաժ են՝ պատրաստված մեկ առանձին խաղողի տեսակից։
«Ռոզեն չորս սորտերի՝ Մերլոյի, Կաբեռնե Սովինյոնի, Սիրահի եւ Պինո Նուարի բլենդ է։ Այս սորտերի համադրությունն էլ գինուն տալիս է հավասարակշռված ու բազմաշերտ բնույթ՝ միավորելով կարմիր խաղողի տարբեր տեսակների առանձնահատկությունները:

Սպիտակ գինիների շարքում ներկայացված են Շարդոնեն եւ Սովինյոն Բլանը։ Երկուսն էլ պատրաստվում են առանձին՝ յուրաքանչյուր սորտի բնորոշ հատկանիշները պահպանելու եւ Տավուշի տեռուարում դրանց դրսեւորումը ցույց տալու նպատակով։ 

Կարմիր գինիները պատրաստվում են Մերլոյից, Սիրահից եւ Կաբեռնե Սովինյոնից։ Սրանք նույնպես բլենդեր չեն, յուրաքանչյուր գինի պատրաստվում է մոնոսեպաժ»- նշում է Տիգրանը:

Նրա խոսքով՝  այս գինիների բլենդ չլինելն իրենց «կյանքը մի փոքր դժվարացնում է».

«Պատկերացրեք՝ այդ փոքր տարածքում վեց սորտ ունենք, յուրաքանչյուրի համար առանձին ենք բերքահավաք անում, առանձին խմորում եւ վերահսկում։ Բայց արդյունքից բոլորս գոհ ենք լինում։ Մոնոսեպաժ գինիների դեպքում հաճախ տեսնում ենք, որ մարդը գտնում է իր նախընտրած սորտից գինին եւ ավելի ենք ուրախանում, որ կրկին վերադառնում է այն ձեռք բերելու»:

Ռեզերվ գինին, ի տարբերություն մյուսների, երեք սորտերի՝ Մերլոյի, Սիրահի եւ Կաբեռնե Սովինյոնի բլենդ է, որը մեկ տարի հնացվում է ֆրանսիական կաղնու տակառներում:

Խաղողի յուրաքանչյուր սորտի առանձնահատկություններից ելնելով՝ «Այգեպանի տնակ»-ում խիստ վերահսկվում է նաեւ դրանց հասունացման գործընթացը։ 

Տիգրան Հայրապետյանն ասում է, որ օգոստոսի 15-ից սկսած շաբաթը մեկ անգամ շաքարի չափումներ են անում, իսկ սեպտեմբերից՝ արդեն շաբաթը երկու անգամ։ Դրանց հիման վրա կանխատեսում են բերքահավաքի ժամկետը եւ նախապես կազմակերպում անհրաժեշտ աշխատանքները.

«Պայմանական, եթե գիտենք, որ Սովինյոն Բլանը հինգ օր հետո բերքահավաքի է լինելու, նախօրոք ամեն ինչ պատրաստում ենք։ Հատուկ սառնարան ունենք, որտեղ բերքը մեկ օր առաջ տեղավորում ենք եւ ջերմաստիճանը հասցնում 4-6 աստիճանի։ Հաջորդ օրն արդեն այդ խաղողը վերամշակում ենք, որպեսզի հնարավորինս քիչ օքսիդանա եւ պահպանվեն արոմատիկ նյութերը»:

Տիգրանի խոսքով՝ մինչեւ ներկայիս արտադրության ձեւաչափին անցնելը երկու տարի համագործակցել են Գերմանիայից հրավիրված խորհրդատուի հետ։ Առաջին տարում պարզապես համտեսել են մառանում առկա գինիները եւ գնահատել դրանց որակը։

«Գտանք, որ որակական առումով լավն են, շշալցրեցինք եւ սկսեցինք ներկայանալ որպես գինի արտադրող: Մեր նպատակն է այգում աճող միջազգային ճանաչում ունեցող սորտերը ներկայացնել հայ սպառողին, որոնք լավ ճանաչում են թե՛ ֆրանսիական, թե՛, օրինակ, նորզելանդական գինեգործության մեջ տարածված այս սորտերը, սակայն Տավուշի տեռուարում եւ կլիմայական պայմաններում աճեցված նույն խաղողի դրսեւորումը կարող է նոր բացահայտում լինել: Ընդհանրապես այստեղ ստացված գինին պետք է դիտարկել որպես առանձին պրոդուկտ, ոչ թե համեմատել նույն սորտից Ֆրանսիայում կամ Նոր Զելանդիայում ստացված գինիների հետ։ Բայց կարող եմ ասել, որ ավելի քան 20 տարի Այգեհովիտում աճող այս սորտերը լավ են ադապտացվել տեղի պայմաններին՝ միաժամանակ պահպանելով իրենց բնորոշ առանձնահատկությունները»,- ասում է Տիգրանը։


«Այգեպանի տնակ» գինիները հիմնականում վաճառվում են «Այգեպանի տնակ»-ի համտեսի կենտրոնում, սակայն ներկայացված են նաեւ Երեւանի մի քանի ռեստորաններում եւ գինու բարերում։

Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Gardener’s House-ի

*Հոդվածը( տեքստը և լուսանկարները) վերցված է https://gastrovino.mediamax.am ինտերնետային կայքէջից:

Տավուշի տեռուարում ֆրանսիական խաղողի սորտերն ու «Այգեպանի տնակ» գինիները – Gastrovino.Mediamax.am