Փոքր հողակտորը փոքր հնարավորություն չէ․ ինչու է Հայաստանին անհրաժեշտ նոր կոոպերացիոն մոդել

Sep 15, 2026

Գագիկ Սարդարյան

Հայաստանի գյուղատնտեսության զարգացման մասին քննարկումներում հաճախ որպես հիմնական խնդիր նշվում է հողերի մասնատվածությունը, ինչպես նաև կոոպերացիայի բացակայությունը։ Անշուշտ, փոքր հողակտորները սահմանափակում են մասշտաբի էֆեկտը, տեխնիկայի արդյունավետ օգտագործումը և արտադրության ինքնարժեքի նվազեցման հնարավորությունները։ Սակայն փոքր հողօգտագործումն ինքնին դատավճիռ չէ գյուղատնտեսության համար։

Նույնիսկ եթե առաջիկա տասը տարիներին Հայաստանում գյուղացիական տնտեսությունների միջին չափը մի քանի անգամ մեծանա, մենք, ամենայն հավանականությամբ, շարունակելու ենք մնալ համեմատաբար փոքր և միջին հողօգտագործողների երկիր։ Հարցն այն է, թե արդյոք յուրաքանչյուր փոքր տնտեսություն պետք է փորձի ինքնուրույն լուծել արտադրության, տեխնիկայի, որակի վերահսկման, պահպանման, վերամշակման, ֆինանսավորման և իրացման խնդիրները, թե այդ գործառույթների մի մասը կարող է իրականացվել համատեղ։

Այստեղ է, որ կոոպերացիան դառնում է ոչ թե գյուղատնտեսական քաղաքականության երկրորդական գործիք, այլ մրցունակ գյուղատնտեսություն կառուցելու կարևոր նախապայման։

Փոքր տնտեսությունը կարող է լինել մեծ համակարգի մաս

Աշխարհում կան բազմաթիվ երկրներ, որտեղ գյուղատնտեսությունը հիմնված է փոքր և միջին ընտանեկան տնտեսությունների վրա, սակայն այդ տնտեսությունները գործում են զարգացած կոոպերացիոն համակարգերի շրջանակում։

Ըստ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից վերջերս իրականացված մանրամասն հետազոտության՝ աշխարհի փոքր գյուղացիական տնտեսություններն արտադրում են աշխարհում սպառվող պարենի շուրջ մեկ երրորդը։

World Development գիտական հանդեսում հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ աշխարհում յուրաքանչյուր վեց գյուղացիական տնտեսությունից հինգն ունի երկու հեկտարից պակաս հողատարածք։ Այս տնտեսությունները շահագործում են աշխարհի գյուղատնտեսական նշանակության հողերի ընդամենը շուրջ 12 տոկոսը, սակայն արտադրում են համաշխարհային պարենի մոտավորապես 35 տոկոսը։

Պարենային մատակարարման գործում փոքր գյուղացիական տնտեսությունների ներդրումը տարբեր երկրներում խիստ տարբեր է։ Չինաստանում և Հնդկաստանում նրանց մասնաբաժինը հասնում է մինչև 80 տոկոսի, մինչդեռ Բրազիլիայում, ԱՄՆ-ում և Նիգերիայում այն արտահայտվում է ցածր միանիշ տոկոսային ցուցանիշով։ Թվարկված այս երկրների թե՛ փոքր, թե՛ խոշոր արտադրողները միավորված են տարբեր կոոպերացիոն համակարգերում, իրենց արտադրանքի արտադրության ու իրացման շղթայի տարբեր խնդիրների լուծման համար։

Այս թվերը կարևոր մի հանգամանք են ընդգծում․ տնտեսության փոքր չափն ինքնին չի նշանակում ցածր նշանակություն կամ փոքր տնտեսական ներուժ։ Հարցն այն է, թե ինչպիսի համակարգի ներսում է գործում փոքր արտադրողը և որքանով է նրան հասանելի այն ենթակառուցվածքը, որը միայնակ ստեղծելը հաճախ տնտեսապես անհնար է։ 

Կոոպերացիան պարտադիր չէ պատկերացնել միայն որպես մի քանի ֆերմերների կողմից ստեղծված իրավաբանական անձ։ Այն շատ ավելի լայն տնտեսական համակարգ է։ Ֆերմերները կարող են համատեղ ձեռք բերել տեխնիկա և արտադրական միջոցներ, կազմակերպել բերքի հավաքումը, նախնական մշակումը, տեսակավորումը, պահպանումը, լոգիստիկան, վերամշակումը և վաճառքը։ Կարող են միասին ներդնել որակի ստանդարտներ և միասնական ապրանքանիշով դուրս գալ շուկա։

Սրա արդյունքում տնտեսությունը շարունակում է մնալ փոքր, բայց շուկայում այլևս հանդես չի գալիս որպես մեկուսացած փոքր արտադրող։ Սա հատկապես կարևոր է Հայաստանի համար։

Եվրոպական կամ նույնիսկ խոշոր տեղական գնորդի պահանջած որակի և ստանդարտացման համակարգը յուրաքանչյուր փոքր ֆերմերի մոտ առանձին ներդնելը հաճախ պարզապես տնտեսապես անիմաստ է։ Նույն համակարգը արտադրողների խմբի կամ համայնքի մակարդակով ստեղծելը շատ ավելի իրատեսական է։

Կոոպերացիան առաջին հերթին տնտեսական շահ է

Կոոպերացիայի հաջողության համար միայն մարդկանց կոչ անել՝ «միավորվեք», բավարար չէ։ Հայաստանի փորձն այս առումով բավական ուսանելի է։ 1990-ականների կեսերից ի վեր միջազգային զարգացման տարբեր ծրագրերի կողմից Հայաստանում ստեղծվել և խրախուսվել են հարյուրավոր կոոպերատիվներ։ Սակայն դրանց զգալի մասը չի կարողացել վերածվել երկարաժամկետ, ինքնաբավ և տնտեսապես կայուն կառույցների։ Պատճառները տարբեր են եղել՝ փոխադարձ վստահության պակասից և կառավարման խնդիրներից մինչև կոոպերատիվի անդամների համար հստակ տնտեսական շահի բացակայություն և արտաքին ֆինանսավորումից չափազանց մեծ կախվածություն։ «Կոոպերացիայի մասին» ՀՀ օրենքը նույնպես չգրանցեց դրական արդյունքներ։ Սա կարևոր դաս է․ կոոպերացիան չի կայանում միայն այն պատճառով, որ կա համապատասխան օրենք, գրանցված է կոոպերատիվ կամ տրամադրվում է դրամաշնորհ։

Մարդիկ համագործակցում են այն ժամանակ, երբ համագործակցությունը նրանց համար տալիս է տեսանելի տնտեսական արդյունք։

Եթե ֆերմերը կոոպերացիայի միջոցով կարող է ավելի էժան ձեռք բերել պարարտանյութ կամ սերմացու, օգտվել տեխնիկայից, ստանալ ավելի մատչելի ֆինանսավորում, նվազեցնել պահեստավորման կորուստները, իր արտադրանքը վաճառել ավելի բարձր գնով, կամ ինչպես հաճախ ականատես ենք լինում մեր համայնքներում, երբ համատեղ ուժերով ոռոգման ջրագիծ են կառուցում, համագործակցությունն աստիճանաբար դառնում է բնական տնտեսական վարքագիծ։

Հետևաբար պետական քաղաքականության հիմնական նպատակը չպետք է լինի պարզապես հնարավորինս շատ «կոոպերատիվ» անվանումով կազմակերպություններ գրանցելը կամ արդեն գրանցվածներին աջակցություն տրամադրելը։

Ավելի կարևոր է ստեղծել այնպիսի տնտեսական մեխանիզմներ, որոնց դեպքում համագործակցելը գյուղացու համար ավելի շահավետ կլինի, քան առանձին գործելը։

Ինչու է Հայաստանում կոոպերացիան դժվարությամբ կայանում

Հայաստանում կոոպերացիայի զարգացման խնդիրը միայն ֆինանսավորման կամ օրենսդրության հարց չէ։ Դրանք ունեն պատմական, հոգեբանական և արժեքային դրդապատճառներ։ Նվաճողների տիրապետության տակ երկար տարիների կենսակերպը, ինչպես նաև խորհրդային տարիների տոտալիտար, ճնշող համակարգը չեն խթանել, համախմբան, համագործակցության մեխանիզմների ձևավորումը տարբեր ոլորտներում։   

Մեզանում երկար ժամանակ ձևավորվել է խնդիրների լուծման առավելապես ուղղահայաց մշակույթ։ Գյուղացին խնդիր ունենալու դեպքում հաճախ առաջին հերթին փորձում է այն բարձրացնել համայնքապետի մոտ։ Երբ համայնքապետն է խնդիր ունենում, գնում է պետական կառավարման  մարմինների մոտ և այսպես շարունակ։ Զարգացած գյուղատնտեսական համակարգերից շատերում, հատկապես հյուսիսային Եվրոպայի բողոքական երկրներում, երբ ֆերմերը խնդիր է ունենում, առաջին հարցերից մեկն այլ է՝ հարևան արտադրողներն արդյոք ունե՞ն նույն խնդիրը և հնարավո՞ր է այն լուծել միասին։

Այս տարբերությունը մեկ օրենքով հնարավոր չէ վերացնել։

Համագործակցության համար անհրաժեշտ են վստահություն, փոխադարձ պատասխանատվություն, թափանցիկ կառավարում և, ամենակարևորը, հաջողված օրինակներ։ Մարդիկ պետք է սեփական աչքով տեսնեն, որ համատեղ գործելը կարող է ավելի արդյունավետ լինել։

Հետևաբար Հայաստանին, թերևս, պետք չեն հարյուրավոր ձևական կոոպերատիվներ։ Մեզ անհրաժեշտ են մի քանի հաջողված մոդելներ, որոնք հնարավոր կլինի հետագայում կրկնօրինակել տարբեր մարզերում և գյուղատնտեսական ենթաոլորտներում։

Հացահատիկի համայնքային կենտրոն՝ որպես փորձնական մոդել

Այդպիսի մոդելներից մեկը կարող է լինել հացահատիկ արտադրող համայնքներում նախնական մաքրման, տեսակավորման և պահպանման կենտրոնների ստեղծումը։

Վերջերս վարչապետը Վարդենիսի տարածաշրջան այցի ժամանակ արձանագրեց, որ փոքր արտադրողը հաճախ բերքահավաքից անմիջապես հետո ստիպված է վաճառել իր բերքը՝ անկախ տվյալ պահին շուկայում ձևավորված գնից։ Ընդ որում, այս խնդիրը բնորոշ է ոչ միայն հացահատիկի արտադրությանը։ Նույն իրավիճակին տարբեր չափերով բախվում են նաև խաղողի, ծիրանի և այլ գյուղատնտեսական մշակաբույսեր արտադրողները։ Պատճառը միայն շուկայական գինը չէ։ Փոքր արտադրողը չունի համապատասխան պահեստ, բերքը մաքրելու և տեսակավորելու հնարավորություն, երբեմն էլ՝ բավարար տեղեկատվություն և բանակցային ուժ։

Արդյունքում արտադրողը կատարում է ամբողջ արտադրական աշխատանքը, կրում եղանակային, բերքատվության և ֆինանսավորման ռիսկերը, բայց շուկայում հայտնվում է ամենաթույլ բանակցային դիրքում։

Վարդենիսի և ընդհանրապես Հայաստանի հացահատիկ արտադրողների խնդիրների ուսումնասիրության շրջանակում մեր կազմակերպությունը, ԱՄՆ Գյուղատնտեսության դեպարտամենտի ֆինանսավորմամբ և Կանզասի համալսարանի մասնագետների հետ համագործակցությամբ, խորքային վերլուծություն է իրականացրել Հայաստանի հացահատիկ արտադրող մարզերում՝ բացահայտելով ցորենի արժեշղթայի հիմնական բացերը։

Բազմաթիվ առաջարկների շարքում առանձնահատուկ ուշադրության է արժանի համայնքային հացահատիկի նախնական մաքրման, տեսակավորման և պահպանման կենտրոնների ստեղծման գաղափարը։

Համայնքային հացահատիկային կենտրոնը կարող է փոխել այս տրամաբանությունը։

Այնտեղ հնարավոր կլինի իրականացնել բերքի նախնական մաքրում և տեսակավորում, ապահովել համապատասխան պահպանման պայմաններ և արտադրողին հնարավորություն տալ վաճառքի պահն ընտրել ավելի ճկուն։ Ժամանակի ընթացքում նման կենտրոնը կարող է տրամադրել նաև այլ ծառայություններ՝ մասնագիտական  աջակցությունից և գյուղատնտեսական տեխնոլոգիաների ներդրումից մինչև որակի վերահսկում և արտադրանքի համատեղ իրացում։

Սա արդեն պարզապես պահեստ չէ։ Սա կարող է դառնալ տվյալ տարածքի հացահատիկ արտադրողների շուրջ ձևավորված տնտեսական համագործակցության համակարգ։

Պարենային անվտանգության բաղադրիչը

Նման կենտրոնները կարող են ունենալ նաև ավելի լայն՝ ռազմավարական նշանակություն։

Հայաստանի պարենային անվտանգության տեսանկյունից նպատակահարմար է, որ հացահատիկի պահպանման կարողությունները հնարավորինս ապակենտրոնացված լինեն և տեղակայված լինեն նաև արտադրության հիմնական գոտիներում։

Հնարավոր է քննարկել նաև պետական պահուստների ձևավորման և պարբերաբար թարմացման գործընթացում նման կենտրոնների ներգրավման մեխանիզմներ։ Դա կարող է ստեղծել միաժամանակ երկու արդյունք՝ ուժեղացնել տեղական արտադրողի շուկայահանման դիրքերը և նպաստել պահեստավորման ենթակառուցվածքների զարգացմանը։

Փորձնական ծրագիրը կարելի է իրականացնել հացահատիկի արտադրության բարձր կենտրոնացում ունեցող որևէ համայնքում, որտեղ առկա են նախաձեռնող արտադրողներ և պատրաստակամ տեղական իշխանություն։

Ֆինանսավորման մոդելը ևս պարտադիր չէ ամբողջությամբ պետական լինի։ Այն կարող է կառուցվել համայնքի, պետության, արտադրողների, մասնավոր հատվածի և միջազգային զարգացման կազմակերպությունների համատեղ մասնակցությամբ։ Հնարավոր տարբերակներից մեկը սուբվենցիոն ծրագրերի գործիքակազմի օգտագործումն է։

Երբ հազարավոր փոքր արտադրողները դառնում են մեկ ուժ

Կոոպերացիայի տնտեսական ուժի ամենատպավորիչ օրինակներից մեկը Նիդերլանդների ծաղկի առևտրի համակարգն է։ 

Դրա հիմքում շատ պարզ տրամաբանություն է եղել։ Փոքր ծաղկագործները դեռևս 1920- ականների սկզբին հասկացել են, որ առանձին վաճառելիս գնորդն ունի ավելի ուժեղ բանակցային դիրք։ Միավորվելով և միասնական վաճառքի մեխանիզմ ստեղծելով՝ նրանք կարողացել են փոխել այդ հարաբերակցությունը՝ արդեն գնորդներին ստիպելով մրցակցել իրենց արտադրանքի համար։

Լուսանկար 1920 թվականից։
Լուսանկար 1920 թվականից։

Տասնամյակների ընթացքում այդ համագործակցությունը վերածվել է համաշխարհային նշանակության ծաղկի առևտրի համակարգի։

ժամանակակից աճուրդ Նիդերլանդներում։
ժամանակակից աճուրդ Նիդերլանդներում։

Նման օրինակներ կան նաև սերմնաբուծության ոլորտում։ Ավստրիայում հազարավոր   ֆերմերների մասնակցությամբ 1950-ին ստեղծվել է SAATBAU Linz կոոպերատիվը։ Այս կոոպերացիոն համակարգը հնարավորություն է տալիս համեմատաբար փոքր տնտեսություններին արտադրել միասնական բարձր ստանդարտներին համապատասխանող սերմեր և մրցակցել միջազգային շուկաներում։

Սա իրականում կոոպերատիվի կազմակերպական կառուցվածքի շատ հետաքրքիր պատմական օրինակ է․ 3,250 անհատ ֆերմերներ, որոնց պատկանում է մոտ 5600 հա վարելահողեր, պահպանել են իրենց տնտեսությունների ինքնուրույնությունը, սակայն միավորվել են կոոպերատիվի շրջանակում՝ համատեղ իրականացնելու սերմերի արտադրությունը և բազմացումը, փորձարկումը, սելեկցիոն աշխատանքները, պահեստավորումը, իրացումը/բաշխումը և ընդհանուր կառավարումը։

Ճապոնիայի փորձը ևս ցույց է տալիս, թե որքան լայն կարող է լինել գյուղատնտեսական կոոպերացիայի դերը փոքր հողակտորներ ունեցող արտադրողների դեպքում։ Ճապոնիայի ամեն գյուղական համայնք ունի արտադրական կամ այլ կոոպերացիոն համակարգ։ Այս համակարգը ստեղծվել է պետության կողմից 1947-ին ընդունված Կոոպերատիվների մասին ակտի ընդունումից հետո։ Այնտեղ կոոպերատիվները, որոնց անդամակցում են միլիոնավոր փոքր ֆերմերներ, կարող են ընդգրկել ոչ միայն արտադրանքի արտադրությունը, իրացումը, այլև մատակարարումը, ֆինանսավորումը, խորհրդատվությունը և գյուղական համայնքներին անհրաժեշտ այլ սոցիալական ծառայությունները։ Ճապոնացի գյուղացին իրեն կոոպերատիվից դուրս չի պատկերացնում այնպես, ինչպես մեղուն իրեն չի պատկերացնում մեղվաընտանիքից դուրս։ Հետաքրքիր է եղել Իսրայելի փորձը կիբուցիների միջոցով ագրարային կոոպերացիայի առումով, որը ԽՍՀՄ կոլխոզների ավելի ժամանակակից օրինակն է։ 

Այս բոլոր օրինակների հիմքում նույն սկզբունքն է՝ փոքր արտադրողը պարտադիր չէ, որ լինի փոքր շուկայական խաղացող։ Մտածելակերպն է լինում փոքր։ 

Պետության դերը՝ ոչ թե փոխարինել, այլ ստեղծել համակարգը

Պետության համար, բնականաբար, ավելի հեշտ է աշխատել մի քանի խոշոր ներդրողների հետ, քան տասնյակ հազարավոր փոքր գյուղացիական տնտեսությունների։ Վերջիններիս կրթելը, նոր տեխնոլոգիաներ տարածելը, արտադրության ստանդարտներ ներդնելը և շուկաների հետ կապելը պահանջում են մեծ մարդկային, մասնագիտական, ֆինանսական ու ինստիտուցիոնալ ռեսուրսներ։ Էկոնոմիկայի նախարարության գործող կառուցվածքը չի համապատասխանում նմանօրինակ լայնածավալ աշխատանքներ իրականացնելու համար։ Փոքր տնտեսավարողին տրվող միանվագ սուբսիդավորումը սերմ գնելու համար կարող է որոշակի ժամանակահատվածում թեթևացնել նրա ֆինանսական բեռը և օգնել շարունակելու նույն անդյունավետ արտադրությունը։ Սակայն միայն այդպիսի աջակցությամբ հնարավոր չէ էապես բարձրացնել մեկ հեկտարից ստացվող բերքը, ներդնել նոր տեխնոլոգիաներ, բարելավել արտադրանքի որակը կամ փոխել արտադրողի դիրքը արժեշղթայում։ Հացահատիկի դեպքում, օրինակ, սուբսիդավորումը կարող է նպաստել, որ ներկայում մշակվող որոշ հողատարածքներ ևս մի քանի տարի շարունակեն մշակվել։ Բայց եթե դրան զուգահեռ չեն բարձրանում բերքատվությունը, տեխնոլոգիական մակարդակը, որակը և արտադրողի եկամտաբերությունը, մենք իրականում ոչ թե լուծում ենք խնդիրը, այլ ֆինանսական միջոցներով երկարաձգում ենք ցածր արտադրողականությամբ գործող համակարգի կյանքը։

Հետևաբար պետական աջակցության արդյունավետությունը պետք է գնահատել ոչ միայն այն հարցով, թե քանի տնտեսավարող է ստացել աջակցություն կամ քանի հեկտար է շարունակվել մշակվել, այլ առաջին հերթին՝ թե ինչքանով է աճել մեկ հեկտարի արտադրողականությունը, նվազել ինքնարժեքը, բարձրացել արտադրանքի որակը և ավելացել արտադրողի եկամուտը։

Հենց այստեղ կարող է լինել կոոպերացիայի երկրորդ կարևոր գործառույթը։

Լավ կազմակերպված արտադրողական միավորումները կարող են դառնալ կապող օղակ պետության, ֆինանսական կազմակերպությունների, տեխնոլոգիական ընկերությունների, վերամշակողների, արտահանողների և հազարավոր փոքր արտադրողների միջև։

Պետությունն այս դեպքում պարտադիր չէ, որ փորձի անմիջականորեն կառավարել այդ ամբողջ համակարգը։ Նրա կարևորագույն դերը կարող է լինել ճիշտ խթանների ստեղծումը՝ համաֆինանսավորման, ենթակառուցվածքների, հարկային և ֆինանսական գործիքների, տեխնիկական աջակցության և պետական գնումների մեխանիզմների միջոցով։ Առանց լավ զարգացած կոոպերացիոն համակարգերի այսօրվա գյուղական համայնքները մրցունակ չեն կարող լինել ու գնալով կքայքայվեն ու կլրացնեն քաղաքաբնակների շարքերը։ 

Փոքր հողակտորը փոքր հնարավորություն չէ

Մեր տասնամյակների փորձը ցույց է տալիս, որ փոքր արտադրողները շատ հաճախ ունենում առաջադեմ գաղափարներ ու զարգացման հզոր ներուժ։ 

Հայաստանի գյուղատնտեսության ապագան միայն հողերի խոշորացման մեջ փնտրելը, կարծում եմ, բավարար չէ։

Հողերի կոնսոլիդացիան անհրաժեշտ է այնտեղ, որտեղ այն տնտեսապես հիմնավորված է։ Անհրաժեշտ է նաև գյուղատնտեսության ինդուստրիալացում, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում և արտադրողականության բարձրացում։

Բայց դրան զուգահեռ պետք է կարողանանք հազարավոր փոքր և միջին արտադրողների ներառել ավելի մեծ տնտեսական համակարգերի մեջ։

Դրա համար մեզ պետք է կոոպերացիայի նկատմամբ արմատապես  այլ մոտեցում՝ ոչ թե «ստեղծենք կոոպերատիվներ», այլ ստեղծենք համակարգեր որտեղ արտադրողները կցանկանան համագործակցել։

Սկսել կարելի է մեկ համայնքից և մեկ շատ կոնկրետ խնդրից։

Եթե հացահատիկ արտադրող համայնքում ստեղծված մաքրման, տեսակավորման, պահպանման և համատեղ իրացման կենտրոնը ցույց տա, որ արտադրողը դրա շնորհիվ ավելի քիչ է կորցնում, ավելի բարձր գին է ստանում և ավելի կայուն եկամուտ ունի, հաջորդ համայնքում մարդկանց այլևս երկար բացատրելու կարիք չի լինի, թե ինչու է անհրաժեշտ կոոպերացիան։

Լավագույն քարոզչությունը աշխատող տնտեսական մոդելն է։

Եվ գուցե հենց այստեղից էլ պետք է սկսել։

Գագիկ Սարդարյանը «Ագրովիժն» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահն է։ 

* Հոդվածը վերցված է Սիվիլնեթ լրատվական հարթակի համացանցային կայքէջից:

Փոքր հողակտորը փոքր հնարավորություն չէ․ ինչու է Հայաստանին անհրաժեշտ նոր կոոպերացիոն մոդել | CIVILNET