ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՇԵՆՔ ՉԷ

Mar 7, 2023

Օրերս սիրով հյուրընկալեցինք Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դասախոսական կազմին և ուսանողներին՝ նպատակ ունենալով ծանոթացնել հիմնադրամի ու վերջինիս բիզնես կառույցների գործունեությանը, նոր տեխնոլոգիաների ներդրման ու ուսանողների հետ աշխատանքների կազմակերպման փորձին։

Նախ և առաջ մեծապես տպավորված էինք այն փաստով, որ չնայած պատերազմից հետո թշնամու ենթակայության տակ անցան Շուշին և, բնականաբար, համալսարանի շենքը, սակայն համալսարանը շարունակում է իր գործունեությունն ու ջանք չի խնայում ուսանողների համար լավագույն կրթական միջավայրն ապահովելու հարցում։ Ինչպես նշեցին դասախոսները, համալսարանը շենք չէ, համալսարանն ավանդույթներ են, տարիներ ի վեր ձևավորված արժեքներ, որոնք կարմատավորվեն անկախ տեղակայման վայրից։ Այսօր համալսարանն իր գործունեությունը ծավալում է Ստեփանակերտում հատկացված շենքում, որի պայմանները դեռևս բավարար չեն ուսումնական գործընթացը պատշաճ կերպով անցկացնելու համար, սակայն ուսանող-ճարտարապետների օգնությամբ այս պահին իրականացվում են շինության վերադասավորման աշխատանքները։

Այցը հագեցած էր․ եռօրյա այցի շրջանակում համալսարանի ներկայացուցիչներն այցելեցին գյուղատնտեսության ոլորտում նորարարական լուծումներ առաջարկող և ֆերմերների սպասարկումն ու մասնագիտական օժանդակությունն ապահովող կառույցներ։

Իրապես ոգևորված էին բոլորը։ Վաղուց չէինք տեսել ուսման հանդեպ այդքան մեծ սեր ու հետաքրքրվածություն, նորը սովորելու ձգտում ունեցող ուսանողների։

«Մեր այցի հիմնական նպատակն է մոտիվացնել երեխաներին, գյուղատնտեսության ոլորտի մասնագիտությունների հանդեպ սեր առաջացնել, իսկ եթե ուսանողներից գոնե մեկը ստացված գիտելիքներով վերադառնա և երկրում որևէ փոփոխության նախաձեռնողը լինի, ապա մեր առաքելությունն իրականացված կարելի է համարել», – նշեց համալսարանի դասախոսներից մեկը։

Պատերազմի ընթացում 54 ուսանող կորցրած Շուշիի տեխնոլոգիական համալսարանը հայ ժողովրդի անկոտրում կամքի վառ դրսևորումն է հանդիսանում։ Մեր համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու․ մենք հպարտ կլինենք մասը հանդիսանալ հետագա սերունդների կրթման նվիրական գործի, սերունդների, ում վստահելու ենք մեր ապագան։